Հայաստանում արդեն մի քանի օր է, ինչ չեն դադարում բողոքի ակցիաները՝ ընդդեմ Հայաստանի ներկայիս կառավարության՝ Փաշինյանի գլխավորությամբ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման քաղաքական կուրսի։

Բանն այն է, որ վերջերս, Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, հայկական կողմը պարտավորվել է հանձնել Տավուշի մարզի 4 գյուղերը, այսպես կոչված, դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի շրջանակներում: Տավուշում սկսվեցին բողոքի ակցիաներ ընդդեմ տարածքների հանձնման Բաքվին, իսկ այդ ամենի արդյունքում ձևավորվեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որը ղեկավարում է Բագրատ Սրբազանը:

Շարժումը մի շարք ակցիաներ է նախաձեռնել Տավուշում, որից հետո սկսվել է երթ դեպի Երևան։ Բագրատ Սրբազանն ու նրա զինակիցները Տավուշից քայլեցին դեպի մայրաքաղաք։ Մայիսի 9-ին նրանք հասան Երևան, որի կենտրոնում տեղի ունեցավ վերջին 6 տարիների ամենազանգվածային հանրահավաքը (60-70 հազար մասնակից) ։

Հետաքրքիր է, որ հանրահավաքը հավաքել էր ամենաշատ թվով մարդկանց Փաշինյանի իշխանության օրոք, և դա այն ժամանակ, երբ շատ վերլուծաբաններ կանխատեսում էին, որ հանրապետության քաղաքացիների շրջանում տիրում է լիակատար անտարբերություն շուրջ տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ, սակայն պարզվեց, որ դա բացարձակապես այդպես չէ։

Հիմնական տարբերությունը

Փաշինյանի դեմ բողոքի ցույցերն առաջին անգամ չեն տեղի ունենում, դրանք տեղի են ունեցել բազմիցս, բայց բացասական արդյունքով։ Խորհրդարանական ընդդիմությունը բազմիցս փորձել է տապալել ներկայիս կառավարությունը, սակայն ապարդյուն։ Փաշինյանը հաջողացրեց հաղթել խորհրդարանական ընտրություններում նույնիսկ ղարաբաղյան 44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո։

Սակայն այսօրվա բողոքի ակցիաները կարդինալ առանձնահատկություններ ունեն՝ համեմատած նախորդ շարժումների հետ։ Նախ՝ այսօրվա շարժումը պաշտոնապես ղեկավարում է ոչ թե քաղաքական դաշտի ներկայացուցիչը, այլ արքեպիսկոպոսը, հոգևորականը։ Երկրորդ՝ Բագրատ Սրբազանը ոչ թե ատելություն է առաջացնում կառավարության նկատմամբ, ինչպես դա եղել է ընդդիմության հանրահավաքների ժամանակ, այլ հեռարձակում է խաղաղության և արտաքին մարտահրավերները հաղթահարելու համար միասնական լինելու անհրաժեշտության կարևոր կոչեր։ Սրբազանը կոչ է անում հեռացնել բարիկադները քաղաքական դաշտում և ստեղծել բարենպաստ մթնոլորտ: Երրորդ՝ Սրբազանի շուրջ համախմբվել են իրենց գաղափարախոսությամբ և բնույթով տրամագծորեն հակադիր քաղաքական ուժեր, որոնց նախկինում դժվար կլիներ պատկերացնել միասին մեկ հրապարակում։

Իրոք, այսօրվա շարժումը, որը գլխավորում է եկեղեցու ներկայացուցիչը, իսկ նման բան Հայաստանի նորագույն պատմության մեջ երբեք չի եղել, շատ է տարբերվում մյուսներից, սակայն, չնայած դրան, կան շարժման տեխնիկական մասով բացեր, որոնց մասին կուզենայի հիշատակել։

Գործնական առաջարկություններ

Մայիսի 9-ին, ինչպես արդեն փաստեցինք, Հանրապետության հրապարակում ռեկորդային թվով մարդիկ էին հավաքվել։ Սրբազանը հայտարարեց իմփիչմենթի միջոցով Փաշինյանի անհապաղ հրաժարականի պահանջի մասին, սակայն ժողովուրդը սպասում էր կոնկրետ գործողությունների, ինչպես նաև օրակարգի, ըստ որի ոչ թե պարզապես իշխանափոխություն է իրականացվելու, այլ երկրի հետագա զարգացման տեսլական է ներկայացվելու: Սակայն Բագրատ Սրբազանը ժողովրդին ուղարկեց տուն՝ առանց որևէ ակտիվ գործողության այստեղ և հիմա, ինչը հանգեցրեց շատերի հեռանալուն, ովքեր հետո այլևս չվերադարձան: Այդ ժամանակից ի վեր հանրահավաքը զգալիորեն կորցրել է իր թափը։

Բողոքի ցույցերն իրականացվում են 2018 թվականի գործիքակազմի հիման վրա, երբ Փաշինյանը եկավ իշխանության։ Նույն ծրագրի ընդհանուր կրկնությունը դժվար թե երկրորդ անգամ հաջողվի:

Մարդիկ հոգնել են պարզապես Փաշինյանի հրաժարականի պահանջից և ուզում են Սրբազանից ու պոտենցիալ նոր իշխանությունից երկիրը ճգնաժամից դուրս բերելու հստակ ծրագիր տեսնել։ Սակայն նման հայեցակարգ չի ներկայացվել ոչ հանրահավաքի առաջին օրը, ոչ էլ հաջորդ օրերին։

Այժմ անհրաժեշտ է անհապաղ գեներացնել և ժողովրդին տալ կոնկրետ օրակարգ այն բանի շուրջ, թե ինչ է սպասվում ՀՀ-ին իշխանափոխությունից հետո և նաև Ադրբեջանի հետ վիճելի հարցերի լուծման այլընտրանքային տարբերակները։

Սրբազանը պետք է ներկայացնի նաև նրանց, ում համարում է պոտենցիալ իշխանություն ներկայիս կառավարության հեռանալուց հետո: Քաղաքացիներին անհրաժեշտ է ցույց տալ այլընտրանք, որը կարող է լուծել ստեղծված խնդիրները։

Ի վերջո, անհրաժեշտ է բոլորին ներկայացնել ՀՀ վարչապետի այլընտրանքային թեկնածու՝ արդյոք Սրբազանը կլինի վարչապետի թեկնածու, թե կլինի մեկ այլ առաջնորդ, որին վստահում է ինքը ՝ արքեպիսկոպոսը և եկեղեցին:

Վերոնշյալ հարցերը, մեր կարծիքով, անկյունաքարային են, և հենց դրանցից է կախված բողոքի ակցիաների հետագա հաջողությունը, որոնք դեռևս լճացում են ապրում և չեն դառնում իշխանության վրա իրական ճնշման գործիք:

Կարևոր է նաև, որ իմփիչմենթի համար անհրաժեշտ է, որ իշխանական 19 պատգամավորներ միանան ընդդիմադիր խմբակցություններին և կողմ քվեարկեն Փաշինյանի հրաժարականին, սակայն այսօր նման բան հնարավոր է միայն այն ժամանակ, երբ երկիրն ամբողջությամբ կաթվածահար լինի 2018-ի օրինակով: Հենց այս պլանին էլ հավատարիմ է Բագրատ Սրբազանը, սակայն դժվար է հիմա խոսել 2018 թվականի Փաշինյանի օգտագործած գործիքակազմի միջոցով հանրապետության կաթվածահար անելու իրական նախադրյալների մասին՝ առանց որևէ նորամուծության։ Ինչպես ասում են ՝ կապրենք, կտեսնենք։

От Гукасян Арман

Политолог