Արցախյան պատերազմում պարտությունից հետո Հայաստանում շարունակվում է խորը ներքաղաքական ճգնաժամը։ Եվ եթե առաջ թվում էր, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունները կօգնեն երկրին դուրս գալու այդ ճգնաժամից, ապա նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնարկեց, որ դրանք կարող են և չլինեն և գործող իշխանությունները կարող են փորձել դիմանալ մինչև 2023 թվականի հերթական ընտրությունները։

Նախօրեին խորհրդարանում ելույթ ունենալով, Փաշինյանը կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտատարեց, որ դեռ նախորդ տարվա դեկտեմբերին առաջարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների գաղափարը։ «Բայց իմ համար զարմանալի է, որ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները մերժում են այդ առաջարկը։ Հետևաբար, իշխող ուժի համար անտրամաբանական է կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- հայտարարեց վարչապետը։

Նրա խոսքով՝ եթե իր ընդդիմախոսները չեն ցանկանում արտահերթ ընտրություններ, ապա պարզապես նշանակում է, որ ընդդիմությունը նախապես ընդունում է իր պարտությունն ընտրությունններում։

Այդուհանդերձ Փաշինյանը հավելեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ քննարկումները շարունակվում են, և իշխանությունները դեռ չեն փակել այդ օրակարգը։

Հարկ է նշել, որ խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցությունները («Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան») կարծում են, որ արտահերթ ընտրություններին պետք է նախորդեն Փաշինյանի հրաժարականը և պետք է կազմավորվի ազգային համաձայնության կառավարություն, որը երկրում իրավիճակի կարգավորումից հետո կանցկացնի արտահերթ ընտրություններ։ Նրանց հետ համաձայն են առաջատար արտախորհրդարանական շատ քաղաքական ուժեր։

Այս առումով՝ պետք է ընդգծել, որ տարբեր հանգամանքերով պայմանավորված, ընդդիմությանը, առաջին հերթին «Հայրենիքի փրկության շարժմանը», որը ձևավորել են 17 ընդդիմադիր կուսակցություններ, փողոցային պայքարի միջոցով չհաջողվեց հասնել Փաշինյանի հեռացմանը։ Դրան նպաստեցին ինչպես հայ հասարակության սաստիկ ընկճախտն ու հուսալքությունը, այպես էլ ընդդիմության՝ կառավարական շենքեր գրավելու և ներքին բախումների գնալու ցանկության բացակայությունը։

Իր հերթին Փաշինյանը՝ մի կողմից այդքան էլ չի զգուշանում փողոցային զանգվածային ցույցերի կամ կառավարական հեղաշրջման արդյունքում աթոռը կորցնելուց, մյուս կողմից՝ պետապարատում և կարևոր ազգային ինտիտուտներում բախվում է իր քաղաքականության ու, մեծ հաշվով՝ անձի բավականին ուժգին անընդունելիությանը։

Ամեն դեպքում, արտահերթ ընտրություններ անցկացնելու համար միայն մեկ օրինական ճանապարհ կա՝ Փաշինյանի հրաժարականը և խորհրդարանի կողմից երկու անգամ վարչապետ չընտրելը։ Հաշվի առնելով Փաշինյանի՝ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունների հետ հուշագիր կնքելու համառ ցանկությունը, որ վարչապետի հրաժարականից հետո չառաջադրվի վարչապետի ընդդիմադիր թեկնածու, Փաշինյանն այնքան էլ վստահ չի իր կուսակիցների հավատարմության վրա։ Չէ որ՝ ընդդիմադիր թեկնածուի ընտրվելու համար պետք է քվեարկեն նաև ոչ քիչ թվով «Իմ քայլ»-ական պատգամավորներ։

Այս ամենից զատ, եթե Փաշինյանը պլանավորում է հետագայում ևս ղեկավարել երկիրը, ապա նրան անհրաժեշտ է ժողովրդական վստահության նոր մանդատ ստանալ, առանց որի նրա համար չափազանց խնդրահարույց կլինի իրականացնել իր ներքին և արտաքին քաղաքականությունը։ Ինչպես նաև գործնականում անհնարին է զարգացնել տնտեսությունը՝ իշխանությունների կայունության հանդեպ ներդրողների անվստահության ֆոնին։ Այս նպատակով՝ Փաշինյանին անհրաժեշտ են արտահերթ ընտրությունները, որպեսզի իր ընդդիմախոսներին և կողմնակիցներին (առավել ևս՝ միջազգային գործընկերներին) ապացուցի, որ նա դեռևս երկրի լեգիտիմ ղեկավարն է։

Այնուամենայնիվ, Փաշինյանի համար բավականին խնդրահարույց կլինի ընտրություններում «ցանկալի արդյունք» ապահովել՝ հաշվի առնելով ինչպես պատերազմում պարտությունը, երկրում սոցիալ-տնտեսական ծանր դրությունը, այնպես էլ նրա հակառակորդների տեղեկատվական և ֆինանսական հզոր միջոցները։ Եվ առանց ընտրակեղծարարության, ինչպես նաև ընդդիմադիր էլեկտորատը փոշիացնելու, այդ արդյունքը նա չի ապահովի։

Խալաթյան Հայկ
Քաղաքական վերլուծաբան