Ինչո՞ւ են հայկական սփյուռքի կազմակերպությունները պատերազմի ավարտից հետո շարունակում ակտիվորեն տրամադրել մարդասիրական օգնություն Հայաստանին և Արցախին: Փոխվե՞լ է Սփյուռքի վերաբերմունքը Հայաստանին օգնություն ցուցաբերմանը մասնակցելու հարցում: Ինչպիսի՞ն պետք է լինեն փոխհարաբերությունները Սփյուռքի և Հայաստանի միջև, և արդյո՞ք Սփյուռքը պետք է մասնակցի պատմական հայրենիքի քաղաքական կյանքին: «Ջեյրան Մեդիա» մամուլի ակումբի այս և այլ հարցերին պատասխանել է Մոսկվայի և ազգերի մշակույթի հայկական թանգարանի տնօրեն, Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) համանախագահ Դավիթ Տոնոյանը։

Ռազմական գործողություններն ավարտվել են, բայց  Ձեր կազմակերպությունը շարունակում է ակտիվորեն մարդասիրական օգնություն ցուցաբերել Հայաստանում և Արցախում: Ինչո՞ւ։

Հիմնական պատճառը մեկն է. Այս օգնության կարիքն ունեն մեր հայրենակիցները՝ ինչպես զինծառայողները, այնպես էլ բռնի տեղահանվածները: Պետությունն արդեն զբաղվում է փախստականնների խնդիրներով, որոշ խնդիրներ լուծում է, բայց իրավիճակը դեռ կարելի է անվանել հումանիտար աղետ: Եվ հիմա պետությունը, հասկանում ենք, ցավոք, ի վիճակի չէ հաղթահարել այս աղետը։ Հետեւաբար, մենք շարունակում ենք դա անել: Այնպես պատահեց, որ մենք պատասխանատվություն ենք կրում մեր հայրենակիցների առջև, որոնց հետ մենք ի սկզբանե աշխատել ենք, ում մենք ի սկզբանե օգնել ենք: Եվ մենք արդեն նրանց հետ անմիջական կապ ունենք, նրանք հույս են կապում մեր օգնության հետ:

Եվ մենք չէինք սպասում, բայց պարզվեց, որ նոյեմբերի 10-ից հետո առաջնագծում գտնվող մեր զինծառայողներին ու տղաներին՝ կամավորներին, պայմանագրային զինծառայողներին, ժամկետայիններին օգնության չափը մեծացավ: Այսինքն՝ այժմ նրանց ավելի շատ օգնություն է պետք, քան մարտական գործողությունների ժամանակ: Ռազմական գործողությունների ընթացքում մոտավորապես պարզ էր, թե նրանց ինչպիսի օգնություն է պետք, մենք գիտեինք որտեղ գտնել այն և ինչպես հասցնել տեղ, իսկ նոյեմբերի 10-ից հետո ամեն ինչ կտրուկ փոխվեց: Եվ առաջին անհրաժեշտության իրերը փոխվել են, նոր դիրքեր են ձևավորվում, և, ցավոք, պետությունը պատշաճ կերպով չի զբաղվում այս խնդրով: Այսինքն՝ տղաները, ամենատարրականը, բահերի կարիք ունեն՝ նոր ամրություններ ստեղծելու, նոր խրամատներ փորելու համար:

Ձեր կազմակերպությունն այժմ ո՞ր ոլորտների վրա է կենտրոնացնում օգնությունը. սոցիալական օգնությա՞ն, օգնություն զինծառայողների՞ն, օգնություն բուժմա՞ն  հարցում:

80 տոկոսն ուղղվում է առաջնագիծ, Հայաստանի սահմաններին. այն, ինչը վերաբերում է սահմաններին և սահմանին կանգնած մեր հայրենակիցներին: Սա ամենակարևոր օգնությունն է: Մենք գործնականում չենք զբաղվում վիրավոր զինծառայողների և զոհվածների ընտանիքների խնդիրներով, քանի որ, բարեբախտաբար, կան բազմաթիվ նախաձեռնություններ, որոնք օգնություն են տրամադրում այս ոլորտում: 

20 տոկոսը կազմում է տեղահանվածներին ուղղվող մարդասիրական օգնությունը՝ բնակարանի, սոցիալական օգնության, հագուստի և այլն, ինչպես նաև՝ աջակցություն Արցախ վերադառնալու հարցում: Եթե կան ընտանիքներ, ովքեր վերադառնում են, մենք նրանց տրամադրում ենք անհրաժեշտ օգնություն: Այդ խնդիրներին է ուղղվում մեր գործունեության մոտ 20 տոկոսը: Իսկ 80 տոկոսն ուղղվում է սահմանների հետ կապված խնդիրներին:

Դուք կարծես թե մի տեսակ կամուրջ եք ծառայում Սփյուռքի և Հայաստանում ու Արցախում ապրող մարդկանց միջև: Պատերազմի ընթացքում մենք տեսել ենք, թե Սփյուռքում ինչպիսի վերելք և օգնելու ցանկություն է նկատվել։ Հետպատերազմյան ամիսներին նո՞ւյնն է, թե՞ ինչ-որ բան է փոխվել:

Յուրաքանչյուր ոք ցանկություն ունի ինչ-որ կերպ օգնելու: Ռազմական գործողությունների ընթացքում բոլորը հասկանում էին, որ այժմ օգնություն է պետք, նրանք չէին մտածում, չէին քննարկում Հայաստանում ինչ-որ քաղաքական հարցեր՝ լավ կամ վատ, նրանք պարզապես ցուցաբերում էին այս օգնությունը։ Ռազմական գործողություններից հետո մոտեցումը փոքր-ինչ փոխվեց: Մարդիկ մտածում են՝ արդյոք արժե՞ հիմա, թե՞ ոչ, օգնությունը կհասնի՞, թե՞ ոչ, քանի որ ես և շատերը գիտենք, որ ոչ բոլոր օգնություններն են ժամանակին կամ առհասարակ, սկզբունքորեն, հասցեատերերին հասել: Հետևաբար, մարդիկ այժմ հարյուր անգամ մտածում են և հետո միայն օգնություն ուղարկում Հայաստան:

Բնականաբար, ֆինանսական և մարդասիրական օգնության ծավալները նվազել են: Մարդկանց մեծամասնությունը տվեց այն ամենը, ինչ ուներ, այսինքն՝ նրանք Սփյուռքի ամենահարուստ ներկայացուցիչները չէին։ Նրանց հետ ես անձամբ կապի մեջ եմ և շփվում եմ, ուստի գիտեմ նրանց հնարավորությունները: Այս ամբողջ ընթացքում, երկու ամսվա ընթացքում, մարդիկ տվեցին գրեթե ամեն ինչ, ինչ՝ որ ունեին, իրենց ամբողջ խնայողությունները: Սա օգնության ծավալի նվազման առաջին պատճառն է:

Երկրորդ պատճառը. նրանք տեսան, որ ոչ ամբողջ օգնությունն է հասցեատերերին հասնում կամ հասնում է, բայց ոչ ամբողջ ծավալով։ Ռուսաստանից օգնության ծավալը վիթխարի էր: Դուք պարզապես չեք պատկերացնում, թե որքան օգնություն է ուղարկվել այստեղից: Այնպես ստացվեց, որ միայն ռուսական սփյուռքն էր ամենօրյա շփում ունենում Հայաստանի հետ՝ կորոնավիրուսի և փակ սահմանների պատճառներով։ Հետևաբար, ուղիղ հաղորդակցությունը, օդային երթևեկությունը միայն Ռուսաստանի հետ էր, հիմնականում Մոսկվայի, և մեր սփյուռքը, կարելի է ասել, ընդունեց այդ պատասխանատվությունը, անմիջապես բարձրացավ և բարեխղճորեն կատարեց իր գործը: Եվ այն բանից հետո, երբ պարզվեց, որ օգնությունը ոչ ամբողջությամբ է տեղ հասնում, բնականաբար, շատերը հիասթափվեցին:

Օգնության նվազման երրորդ պատճառը Հայաստանի ներքաղաքական իրավիճակն է: Շատ մարդկանց վստահությունը կա՛մ թուլացել է, կա՛մ բացակայում է Հայաստանի ղեկավար-պաշտոնյաների նկատմամբ, ուստի մեր սփյուռքի մի մասը այժմ պարզապես չի մասնակցում որևէ բարեգործական ծրագրի, իսկ մի մասն էլ որոշել է ուղղակի կապվել կարիքավորների՝ զինվորների, տեղահանվածների հետ և տրամադրել հասցեական օգնություն:

Երկար ժամանակ խոսվում է Սփյուռքի և Հայաստանի միջև գործակցության օպտիմալ ձևաչափի որոնման մասին: Դուք ակտիվ կազմակերպություն եք Սփյուռքում: Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն պետք է լինի այս համագործակցությունը։ Այժմ շատ է խոսվում Սփյուռքի` Հայաստանի գործերին ինչ-որ քաղաքական մասնակցության մասին, սակայն պետք է խոստովանել, որ Հայաստանը դրան այլ մոտեցում ունի: Ոմանք կարծում են, որ սփյուռքը պարզապես պետք է օգնի, բայց չխառնվի քաղաքականությանը: Ի՞նչ է պետք անել Սփյուռքի և Հայաստանի միջև գործակցությունը բարելավելու համար:

Իրականում կան շատ ձևաչափեր: Չկա մեկ բանաձև, որով բոլորս պետք է աշխատենք: Կա և՛ համագործակցության պաշտոնական ուղիղ գիծ, և՛ ոչ պաշտոնական փոխազդեցություն Սփյուռքի և նրա կոնկրետ ներկայացուցիչների հետ:

Բնականաբար, այս գործով պետք է զբաղվի ոչ միայն վարչապետի գրասենյակին կից Սփյուռքի գրասենյակը: Նախ, միայն գրասենյակը չի կարող գլուխ հանել։ Այստեղ անհրաժեշտ է լուրջ կառույց: Եթե ընդունենք, որ ցանկացած նախարարություն ներկայացնում է, ասենք, որոշակի թվով քաղաքացիների շահերը, ապա ամենամեծ շահառուներ ունի Սփյուռքի նախարարությունը՝ մի քանի միլիոն։ Եվ այս նախարարությունը պետք է ապահովի գործակցությունն ու կապը Սփյուռքի հետ: Ուստի անհեթեթ է, երբ նախարարությունը վերածվում է ինչ-որ փոքր գրասենյակի: Սա առաջին խնդիրն է:

Համաձա՞յն եմ այն կարծիքի հետ, թե Սփյուռքը պետք է մասնակցի Հայաստանի քաղաքական կյանքին: Բնականաբար, մենք քննարկում ենք այս հարցը: Պետք է մասնակցի, բայց ի՞նչ ձևով։ Սա ամենակարևոր հարցն է: Օրինակ՝ անձամբ ես Հայաստանի ներքաղաքական կյանքում Սփյուռքի ներկայացուցիչների անմիջական մասնակցության կողմնակիցը չեմ: Առաջին հերթին անհրաժեշտ է հասկանալ Սփյուռքին, քանի որ այն ոչ ամենուր է իդեալական կազմակերպված և համակարգված։ Իսկ թե ով է ներկայացնելու Սփյուռքի շահերը, մեծ հարց է: Բայց կան բազմաթիվ օրինակներ՝ շատ պետություններ հաջողությամբ գործակցում են իրենց սփյուռքի հետ: Եվ պետք չէ շատ բան հնարել, պետք է հետևել նրանց փորձին: Դրանք են՝ Չինաստանը, Լեհաստանը, Իսրայելը:

Սփյուռքը նույնպես պետք է վերանայի իր վերաբերմունքը հայկական պետության նկատմամբ: Մենք ինքներս ենք մեզնից բարեգործներ կերտում։ Այսինքն՝ մեզ բավարարում է գործակցության այս ձևաչափը, տալիս ենք փողը, հետո արեք՝ ինչ ուզում եք, մեզ անվանեք լավ-բարի, իսկ հետո՝ ամբողջ պատասխանատվությունը ձեր վրա թող մնա՝ այդ գումարի կամ այլ միջոցների բաշխման հարցում: Ինձ թվում է՝ այս վերաբերմունքը սխալ է: Նախ անհրաժեշտ է մի կողմ թողնել բարեգործության ձևաչափն ու անցնել ներդրումների: Եվ պատասխանատվություն կրել այդ ներդրումների համար: Ներդրում կատարողին, բնականաբար, հետաքրքրում է, թե ուր են գնալու այդ միջոցները, ինչպես են դրանք բաշխվելու և ինչ արդյունք են տալու: Սա արդեն ուղղակի ներգրավվածություն է Հայաստանի հանրային կյանքում: Սփյուռքի հետ գործակցության ձևաչափերից մեկը սա է:

Խալաթյան Հայկ
Քաղաքական վերլուծաբան